Արդեանն ու արվեստը

Վերարժևորել մեր մշակութային հարուստ ժառանգությունը արտահայտչական նոր ավանդույթներով. այսպիսի գաղափարախոսությամբ և տեսլականով են ստեղծվում Արդեանի արվեստի գործերը: Ուսումնասիրելով դարերի փորձություն հաղթահարած հայկական մշակութային արժեքները, վերցնելով հայկական ճարտարապետության տարբեր նմուշներ, ձեռագրեր, փորագրություններ, խաչքարեր, հիմք ընդունելով արված հետազոտությունները և ձեռք բերած նյութերը, Արդեանը ստեղծում է ժամանակակից արվեստի իր նմուշները: Այս նմուշները հայկական մշակույթի՝ նոր և առնաձնահատուկ մոտեցմամբ ներկայացնելու փնտրտուքների արդյունք են, ժամանակակից տեսողական լեզվի արտահայտում:

 

 

Արդեանի արվեստի գործերում առանցքային դեր են խաղում անցյալն ու ներկան, հինն ու նորը, հին լեզվի՝ արդիականություն տեղափոխելը, ձեռագիր աշխատանքների և թվային հորինվածքների, տեխնոլոգիաների կիրառման համադրությունները: Փնտրտուքների արդյունքում պեղված հայկական մշակույթի մասնիկները՝ մանրաքանդակներն ու զարդաքանդակները, մանրանկարչության և ասեղնագործության նմուշները, ճարտարապետական հորինվածքները, մեր մեծերի ձեռագրերից վերցված գրությունները զետեղվում են մեկ գործում՝ լավագույնս ներկայացնելու հարուստ պատմություն անցած մեր մշակույթը:

 

 

Արդյունքում, տարբեր արտահայտչամիջոցներով ստեղծված կիսաաբստրակտ աշխատանքներն անդրադառնում են մեր հավաքական ինքնությանը, պատմությանն ու հիշողությանը՝ ձևավորելով հարուստ ազգային տեսողական պատում, որը ներկայացնում է մեր բազմաշերտ մշակույթի բնութագիրն ու պատմական հետքը՝ անցյալից ներկա և պատկերում Հայաստանը որպես ժամանակակից և զարգացող երկիր ներկայացնելու մեր տեսլականը: