Արդեանն ու ճարտարապետությունը
Արդեանն արդեն մի քանի տարի ակտիվ ներկայանում է որպես արվեստի և դիզայնի ժամանակակից ստուդիա: Նախորդ տարի գրասենյակի գործունեությունը համալրվեց նաև ճարտարապետությամբ, ինչը Արդեանի նպատակներից և ցանկություններից մեկն էր:
Ինչպե՞ս սկիզբ դրվեց այս ամենին և ի՞նչ գաղափարախոսությամբ է զարգանում Արդեանի ճարտարապետական ստուդիան. այս և այլ՝ ճարտարապետությանը վերաբերվող հարցերի շուրջ զրուցեցինք Արդեանի տնօրեն Վազգեն Բրուտյանի հետ:
Հարց- Վազգեն, ինչպե՞ս սկիզբ դրվեց Արդեանի ճարտարապետական գործունեության: Ե՞րբ որոշեցիր, որ արվեստի գործեր ստեղծելուց զատ Արդեանը նաև ճարտարապետական նախագծեր պիտի իրականացնի: Ի՞նչ գաղափարներ են դրված այդ աշխատնքների մեջ:
Վազգեն- Արդեանի ստեղծման օրից ճարտարապետությունն իր ուրույն տեղն է ունեցել մեր գործունեությունում, բայց ավելի փորձառական մակարդակում: Համավարակի ընթացքում ունեցած ժամանակն օգտագործեցինք այս աշխատանքների վրա ավելի լուրջ կենտրոնանալու համար: Հենց այս ժամանակ սկսեցինք աշխատել մի քանի նախագծերի վրա, և այդ աշխատանքները շարունակվում են առ այսօր:
Հայկական մշակույթից , ճարտարապետությունից վերցնել մասնիկներ և դարձնել դրանք արդիական. այս մոտեցումն ունենք նաև ճարտարապետությունում: Հետադարձ հայացք ենք գցում մեր հարուստ ճարտարապետական անցյալին և փորձում երևակայել ինչպե՞ս անցյալի ճարտարապետությունը կարելի է զարգացնել 21-րդ դարում, այսպիսով կապ հաստատում անցյալի հայկական ճարտարապետության հետ: Մեր աշխատանքներն իրականացվում են սկզբունքով. Ինչպե՞ս անել, որ նոր ճարտարապետությունը լինի 21-րդ դարի ոճի մեջ, բայց միևնույն ժամանակ լինի հայկականության մի մասնիկը:
Հարց- Ինչպե՞ս է հաջողվում տեղափոխել պատմության մասնիկը ներկա ժամանակ՝ չպոկելով արմատներից և միաժամանակ նորի համար այն սերմ դարձնել:
Վազգեն- Շատ կարևոր հարց եք տալիս: 20-րդ դարի վերջում տեղի ունեցավ թվային հեղափոխություն, որն իր հետ շատ հետաքրքիր նորություններ բերեց: Համակարգիչն ամբողջովին փոխեց ոչ միայն մեր կյանքի արտադրական գործընթացը, այլ նաև ստեղծագործականը: Եվ համակարգչի՝ մեր կյանք մտնելուն զուգահեռ փոխվել է նաև ճարտարապետությունը: Մենք սկսեցիք իրակագործել գաղափարներ, որոնք մինչ համակարգչի հայտնվելն անհնար կլիներ անել: Նույնն՝ արվեստի մեջ: Արդեանն, ի դեպ, առաջիններից է, ով համակարգիչը ներդրեց արվեստում: Վերցրեցինք հայկականն ու տեղավորեցինք ժամանակակից լեզվի մեջ:
Կուզեմ, որ գիտակցենք և զգանք, որ 21-րդ դարում մենք դեռ կարող ենք ստեղծել հայկական ճարտարապետություն, որը շարունակությունն է մեր անցյալի ստեղծածի:
Հարց- Ի՞նչ նպատակներ պիտի ունենա ժամանակակից , մասնավորապես արդեանական ճարտարապետությունը:
Վազգեն- Ճարտարապետությունը ստեղծում է միջավայր, իսկ միջավայրը փոխանցում է որոշ զգացողություններ, բերում անձին որոշ հոգեվիճակների: Կուզեի, որ մեր ճարտարապետությունը բերեր այնպիսի վիճակի, առաջացներ այնպիսի զգացողություններ, որոնք ունենում ենք պատմամշակութային որևէ կոթող այցելելիս: Դա հսկայական հաղթանակ կլինի մեզ համար:
Հարց- Գիտեմ, որ հանդիպումներ եք նախաձեռնում երիտասարդ ճարտարապետների հետ : Ի՞նչ նպատակներ են հետապնդում այդ հանդիպումները:
Վազգեն- Այս հանդիպումներն ու զրույցներն առիթ են սրելու մեր հետաքրքրությունը հայկական ճարտարապետության հանդեպ: Եվ առիթ են մտածելու՝ ինչպես մեր կարողությունների շրջանակներում ստեղծել այն Երևանը, որին մենք արժանի ենք:
Հարց- Ես վստահ եմ, որ ունեք ձեր տեսլականը, թե ինչպիսի՞ն պիտի լինի Երևանը և ինչպիսի՞ն եք ցանկանում իրեն տեսնել : Ունե՞նք շանս տեսնելու Երևանը, որին մենք արժանի ենք։
Վազգեն- Շանսը մենք ենք ստեղծում. ո՛չ անհատորեն, այլ խմբով: Եվ ո՛չ միայն ճարտարապետները: Բոլորը: Այնպես որ. Երկարաժամկետ ծրագրերով՝ ի գործ: