Գլակա կամ Մշո Սուրբ Կարապետի վանք
Սուրբ Կարապետի վանքային համալիրը գտնվել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում։ Այն Արևմտյան Հայաստանի ամենահայտնի և ամենահին վանքերից էր։
Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում, նրա մահից հետո մարմինը ամփոփվել է Ս. Կարապետ կոչվող մատուռի տակ։ Ս. Կարապետը միայն մեկ եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի մի խումբ։ Ս. Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։ Այն ոչ միայն Տարոն աշխարհի ամենանշանավոր վանքն էր, այլև ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստան՝ Ս. Էջմիածնից հետո։ Վանքի համբավն ու հռչակը դուրս էր եկել ազգային սահմաններից և դարձել նաև սրբավայր տեղացի և օտար ազգերի համար։ Բացի այդ, մեր մատենագիրները հիշատակել են, որ օտարազգի քրիստոնյաներ շատ հաճախ են ուխտի եկել Ս. Կարապետի վանքը։
Կոչվել է նաև Գլակա վանք՝ իր առաջին վանահոր Զենոբ Գլակի անունով, որը ասորի եպիսկոպոս էր և տեղի վանահայրը։ Նա է մեզ հասցրել տեղեկություններ վանքի հիմնադրման և սկզբնական շրջանի պատմության մասին։ Մեկ այլ ստուգաբանություն ասում է նաև, որ Գլակա է կոչվել, ոչ թե Զենոբ Գլակի անունից, այլ վանքի մոտ գանվող միաձայն գլգլան ջրվեժների պատճառով։ Համանուն շատ եկեղեցիներից տարբերելու համար նրան անվանել են Մշո կամ Մուշի Ս. Կարապետ, Մուրատտու կամ Մուրատատուր Ս. Կարապետ, Մշո Սուլթան Ս. Կարապետ, նաև Իննակնյա վանք (վանքի մոտակայքում իրար մոտ բխող ինը սառնորակ աղբյուրների պատճառով)։
Ս. Կարապետի ավագ տաճարը կառուցվել է սրբատաշ քարերից, մեծ մասամբ գորշ գույնի։ Առաստաղը հյուսված էր մանր ու բազմաթիվ կամարներից, իսկ ներքևից տասնվեց մեծ և կլոր սյուներ՝ միակտոր ու միջակ մեծությամբ, պահում էին առաստաղը։ Ունեցել է հինգ մատուռ և տասը խորան։ Զանգակատանը կախված են եղել չորս մեծ զանգակներ, որոնց ղողանջները լսվում էին Մուշի դաշտի հեռավոր վայրերում։
Եթե արտաքին դռնից մտնեինք գավիթ կտեսնեինք, որ ներսից և դրսից նույնպես պատած է սրբատաշ քարերով։ Այն, համեմատած եկեղեցու ընդարձակության հետ, շատ փոքր էր, որովհետև գավիթը նախատեսված էր որպես պատվանդան հոյակապ զանգակատան համար։ Գավթի պատերը ներսից և դրսից ծածկված էին հին ժամանակների գրություններով ու արձանագրություններով։ Երկրորդ դռնով, մի աստիճան ցած իջնելով, մտնում էին տաճար, ուր տպավորությունը շատ ազդեցիկ էր։ Տաճարը կամ ժամատունը բարձրանում էր հին վկայարանի վրա, որտեղ, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը ամփոփել է Ս. Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարները։ Ավագ խորանը Ս. Խաչի անունով էր։ Դեպի աջ բացվում էր Ս. Ստեփաննոսի մատուռի դուռը, որի երկու կողմերին փոքրիկ խորաններ կան, գեղեցիկ կամարներով՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին։ Պետրոս Առաքյալին նվիրված խորանի մոտ, Ստեփաննոսի մատուռին կից, մի ուրիշ խորան էլ կար նվիրված՝ Հակոբոս Տեառն եղբորը։
Ավագ խորանի ձախ կողմում Ս. Կարապետի մատուռն էր, որի դռան մոտ մատուռի պատին կից, մի ուրիշ խորան էլ կար նվիրված Լուսավորչին։ Այսպիսի հինգ խորաններ էլ կային ժամատան մեջ, չհաշված մատուռների խորանները։ Տաճարի լայնության կենտրոնում գտնվում էր Ավագ սեղանը՝ քառակուսի և վայելուչ բեմով, որը տաճարը բաժանում էր երկու մասի։ Մի կողմում Ս. Կարապետի, իսկ մյուս կողմում Ս. Գևորգի խորաններն էին։ Ավագ սեղանի աջակողմյան մասը զարդարված էր մարմարյա խաչքարերով, որոնց վրա արձանագրություններ կային։ Ավագ սեղանի վրա բարձրանում էր նաև մի ոսկեզօծ գեղաքանդակ խաչկալ, որի վրա դրված էր Ս. Աստվածածնի պատկերը՝ շրջապատված հրեշտակներով։ Զանգակատունը գմբեթավոր էր, և հենված է ութ սյուների վրա։
Զանգակատունը մի սեղան ուներ Ս. Հոգու անունով։ Ս. Կարապետի ժամատան սալահատակում զետեղված էին վեմեր, որոնք ծածկում էին հայ պատմագիրների հիշատակած իշխանների և ռազմիկների գերեզմանները։ Սասանյանների դեմ մղված արյունահեղ պատերազմներն ենք ակամայից հիշում, գրում է Լինչը, տեսնելով, Մուշեղի, Գայլ Վահանի և Սմբատի գերեզմանները։ Ս. Կարապետի վկայարանը բոլորից հին շենքն էր համարվում։ Նրա երկարությունը տասը մետր էր, լայնությունը՝ վեց մետր, բարձրությունը՝ տասնհինգ մետր։ Ս. Կարապետի վկայարանը կառուցված էր առանց սյուների։ Չորս կողմը ձգված էին կամարներ։ Խորանի աջ կողմում գտնվում էր վեցից յոթ մետր բարձրությամբ խաչքար, որը պատկերների, դրվագների, քանդակների նրբությամբ սքանչելի էր։ Բեմի ներքևը զարդարված էր մարմարյա խաչքարերով, թվով հինգ, որոնց վրա կային արձանագրություններ։
1915 թվականին թուրքական զորքերը կոտորում և թալանում են Մշո աշխարհը, սակայն Տարոնի ժողովուրդը պատսպարվելով Ս․ Կարապետում շուրջ երկու ամիս դիմագրավում է թշնամու գերակշռող ուժերին և միայն երկու ամիս պայքարից հետո հանձնվում՝ պարենի և ջրի բացակայության պատճառով։ Այսպիսով, 20-րդ դարի սկզբին վանական համալիրը ոչնչացվում է, սակայն վանքի ունեցվածքը հաջողվել էր պահել միաբանության տարածքի տարբեր թաքստոցներում։ Ժառանգության մի զգալի մասը հետագայում հաջողվել է բերել Հայաստան և այժմ գանձերը պահպանվում են Էջմիածնի գանձարանում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում։
Սուրբ Կարապետին վիճակվեց նույն բախտը, ինչին արժանացան արևմտահայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, բայց, մինչ այդ, այն դարեր շարունակ այն ծառայել է ոչ միայն որպես հոգևոր, այլև որպես կրթության, գրչության և մշակույթի խոշորագույն կենտրոն։
Ոգեշնչվելով վանքի վեհությամբ և առանձնահատկությամբ, օտագործելով վանքի ավերակներից մեզ հասած զարդանախշերը՝ մենք ստեղծել ենք «Ձոն Սուրբ Կարպետ վանքին» վզկապը։