Արդեանն ու բեմերը

Այս տարի Արդեանը ակտիվորեն վերադարձավ գործունեությանը, որի սկիզբը դրել է դեռ 2017 թվականին։ Արվեստի գործերի ստեղծում, ճարտարապետական նախագծում, ինտերիերի դիզայն. այս ուղղվածություններին պետք է ավելացնել նաև բեմերի ստեղծումն ու ձևավորումը։ Ինչպե՞ս է ծնունդ առել Արդեանի գործունեության այս ճյուղը, ինչո՞վ է այն ոգեշնչվել և ինչպե՞ս է շարունակելու իր զարգացումը. այս հարցերի շուրջ զրուցեցինք Արդեանի հիմնադիր տնօրեն Վազգեն Բրությանի հետ։

Հարց - Վազգեն, Արդեանն իր գործունեությունը ծավալում է 2017 թվականից։ Բեմերի ստեղծմանն ու ձևավորմանը ե՞րբ և ինչպե՞ս եկաք։

Վազգեն - 2017 թվականին մենք դարձանք անկախ ընկերություն. մինչ այդ մենք ԹՈՒՄՈյում էինք աշխատում։ ՀԲԸՄ «Հոգիս» ներկայացման տնօրենն իր այցերից մեկի ժամանակ տեսավ մեր աշխատանքները և ցանկացավ, որ միության 100-ամյակի առթիվ բեմադրված ներկայացման բեմը ստեղծի Արդեանը։ Այսպես սկիզբ առավ մեր ընկերության՝ բեմերի ստեղծմանը միտված գործունեությունը, որով հետաքրքրված են եղել շատ թատերական և համերգային հարթակներ։ Այս գործունեությունը հնարավորություն է շատ ավելի մեծ մասշտաբներով աշխատել և նոր ճանապարհներ փնտրել մեր գործերն ուրիշ իրավիճակների մեջ ներկայացնելու համար։ Բեմերի ստեղծումը Արդեանի արվեստի գործերի և ճարտարապետական աշխատանքների հետ միջանկյալ տեղ զբաղեցրեց, քանի որ գաղափարները զարգանում են արվեստի գործերից, դառնում ավելի ծավալուն և զիջում են չափերով մեր ճարտարապետական աշխատանքներին։

 

 

Հարց - Այսի՞նքն բեմերի ստեղծման գաղափարը Ձեզ մոտ ծնվել է ձեր աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունից։

Վազգեն - Ամբողջովին ճիշտ է։ Այդ առումով բախտավոր ենք եղել․ և՛ մեր ցուցադրությունների, և՛ ճարտարապետական աշխատանքների սկիզբը դրվել է մարդկանց շնորհիվ, որոնք գնահատում են մեր գաղափարախոսութունը՝ ավանդական հայկականի մշակումը արդիական լեզվի մեջ և ուղղությունը, որը մենք վերցրել ենք։

Հարց - Դուք ասացիք, որ բեմերի ստեղծումը գտնվում է արվեստի գործերի ստեղծման և ճարտարապետական նախագծումների հետ միջանկյալ տեղում և նույն գաղափարախոսությունն ունի։ Բայց, ամեն դեպքում, այս աշխատանքների միջև ի՞նչ տարբերություններ կարող եք նշել։ Ինչո՞վ կարելի է բեմերի համար ստեղծված կտավները տարբերել ցուցասրահներում ներկայացված աշխատանքներից։

Վազգեն - Տարբերությունն այդ գործերի ստեղծման նպատակի մեջ է․ բեմերն օգտագործվում են համերգների կամ ներկայացումների ժամանակ, երբ դրանք համահունչ են ներկայացող արվեստի հետ։ Բեմի վրա միայն մենք չենք և գլխավոր դերում չենք։ Մենք ստանձնում ենք միջավայրը ստեղծելու դերը։ Գլխավոր դերը տրված է համերգին կամ ներկայացմանը, բայց միևնույն ժամանակ, հուսով եմ, մենք ամբողջացնում ենք միջավայրը։

 

 

Հարց - Ինչպե՞ս եք մոտենում այս կամ այն բեմի ստեղծմանն ու ձևավորմանը։ Ստեղծու՞մ եք արդյոք այդ գործերը հատուկ միջոցառումների համար, թե՞ օգտագործում եք արդեն իսկ ստեղծված կտավները։

Վազգեն - «Հոգիս» ներկայացման բեմի համար արվեստի գործերը հատուկ էին ստեղծվել՝ հաշվի առնելով Նյու Յորքի բեմի չափերը։ Եվ քանի որ ներկայացումը նվիրված էր նաև Ցեղասպանության 100-ամյակին, իսկ մենք մինչ այդ արդեն ներկայացրել էինք մեր ցուցադրությունը 100-ամյակին նվիրված և այդ նպատակով ստեղծված գործերը համահունչ էին ներկայացման գաղափարների հետ, օգտագործեցինք նաև այդ գործերից։ Այլ բեմադրություններում կիրառել ենք անցյալում ստեղծված գործեր։ Երաժշտություն ներկայացնող միջոցառումների դեպքում Արդեանի արվեստի գործերը պարզապես մթնոլորտ են ստեղծում և այս դեպքերում բեմեր ձևավորելիս օգտագործում ենք մինչ այդ ստեղծված աշխատանքները։ Արդեանն ունի արվեստի մաշտաբային գործերի մեծ գրադարան, որոնցից կարելի է ընտրել և ստեղծել բազմազան բեմեր։ Բայց միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք հատուկ մոտեցում ունենալ բեմերի ստեղծման հարցում։

Հարց - Բեմերի ստեղծման ի՞նչ նախագծեր ունեք հիմա։

Վազգեն - Այս տարի մենք շատ ակտիվ համագործակցեցինք Առնո Բաբաջանյան համերգասրահի հետ․ Գյուրջիև անսամբլի և Վահան Արծրունու համերգներին բեմը ներկայացրեց Արդեանը։ Հուսով ենք, որ շարունակական է լինելու այս ընթացքը։