Գանձասարի Մասունք

Արդեն խոսել ենք Գանձասարի մասին, որպես ճարտարապետական շքեղ կոթող և հոգևոր կենտրոն։ Այս անգամ պատմելու ենք այն մասին, որ Գանձասարը եղել է հայերի գլխավոր ուսումնավայրն և հայ գրչության արվեստի նշանավոր կենտրոններից մեկը:

Այս գրչատան րաբունապետների, գիտնական վարդապետների, գրիչների, ծաղկողների, ստացողների վերաբերյալ տեղեկություններն ենք ստանում եկեղեցու պատերին ու խաչքարերի վրա պահպանված վիմագիր արձանագրություններից և ձեռագիր հիշատակարաններից: 

 

Գանձասարի վանքն ունեցել է իր մատենադարանը և ձեռագրերի հարուստ հավաքածուն: Այստեղ գրվել, ծաղկազարդվել, ինչպես նաև պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր: Ցավոք, այդ գրչագիր մատյանների շատ քիչ մասն է հասել մեզ: Գանձասարի առաջնորդ Մատթեոս Մոնոզոնը 1417 թվականի իր օրինակած ժողովածուի հիշատակարանում պատմում է, թե ինչպես է թշնամին թալանել ու տարել  Գանձասարի վանքի ողջ հարստությունը․ «Դառնացաւ ժամանակս և թագաւորեայ ոմն թուրքման՝ անունն Ուսուֆ»։ Նրան գրիչը կոչում է չար և դառնությամբ պատմում է, թե ինչպես նրա վայրենացած զինվորները կողոպտել են Գանձասարի վանքը, ավերել, թալանել և տարել են ամեն ինչ․ «Զի վայրենացեալ զինվորք նորա ուր և հասանէին, ոչ զընտանիսն գիտեն և ոչ զօտարսն, թալանեն և կռփեն զձեռնահասն ի տեանց, թէ ի ճանապարհի, թէ ի տան, թէ առանձին, թէ ի զքաղաքի, և այսպէս ոչ գոյր թիւ աղաղակի մերոյ»

Չնայած, որ երկիրը ենթարկվել է թուրք բարբարոսների արշավանքներին, չնայած՝ վիթխարի քանակությամբ արժեքներ են ոչնչացել, մշակութային կյանքը, սակայն, կանգ չի առել: Այդ են վկայում Գանձասարում գրված և մեզ հասած այն տասնչորս ձեռագիր մատյանները, որոնք հիմնականում 15-18-րդ դարերի ընդօրինակություններ են: 

 

Բարբարոսներից փրկելու համար Խաչենի հայրենասեր մելիքները այս վանքերի ձեռագրերը կանխավ խնամքով երեք մասի են բաժանել ու թաքցրել մի մասը Գանձասարի ու Խոթա վանքերի մեջտեղում՝ մի քարայրի մեջ ու բերանը ամրացրել քարուկրով, երկրորդ մասը՝ Ջրաբերդի մոտակայքում՝ մի ստորերկրյա տեղում, իսկ երրորդ մասը՝ Գյուլիստան գավառի Հոռեկա վանքի տարածքում: Այս ձեռագրերի՝ միայն Գանձասարում պահված մասն է հայտնաբերվել Բաղդասար մետրոպոլիտի օրոք: Մյուսների ճակատագիրն անհայտ է: 
Գանձասարում գրված վաղեմությամբ ամենահին մատյանը Թորոս գրչի ընդօրինակած Ավետարանն է: Այն իշխանական պատվեր է, գրվել է Խոխանաբերդի իշխան Վախթանգ-Տանգիկի և նրա կնոջ՝ Խորիշահի պատվերով. «Ես՝ Վախտանգ և զուգակից իմ Խորիշահ ցանկացող եղանք սրբոյ Ավետարանիս» : Ի պատիվ պատվիրատուի՝ մատյանը հայտնի է նաև Վախթանգ-Տանգիկի Ավետարան անունով:

Մատյանը գրված է բոլորագիծ երկաթագրով, ունի գեղեցիկ գրչություն:
Նկարազարդումը բարձր արվեստով ու ճաշակով կատարել է գրիչը:

Ունի բազմաթիվ խորաններ ու կիսախորաններ, գեղեցիկ զարդամոտիվներ, բուսական և կենդանական լուսանցազարդեր, սկզբնագրերը՝ ծաղկազարդված, առաջին տողերը գրված են խեցոսկով: 
Այսպիսով, կարծում ենք համոզվեցիք, որ Գանձասաը եղել է նաև գրավոր մշակույթի և գրչության նշանավոր կենտրոն, որտեղ գրվել են, ծաղկազարդվել, ինչպես նաև պահպանվել են շատ արժեքավոր ձեռագիր մատյաններ։ Այս մատյանների արժեքը անգնահատելի են։ Մենք պետք է շնորհակալ լինենք մեր նախնիներին, ովքեր թուրքական ջարդերի պահին իրենց անձը, իրենց անձնական շահը մի կողմ դրած, առաջնահերթ  պահպանել են մշակութային ժառանգությունը և այսօր մենք ողջ աշխարհին ներկայացնելու կենդանի ապացույցներ ունենք, որ Արցախ աշխարհում ապրել և արարել է հայ ազգը։ Հայ մտավորականը ստեղծել է, մինչ ադրբեջանցին դեռ գոյություն չուներ, իսկ թուրքը ի վիճակի էր միայն քանդել․․․
Արցախը մի ուրույն աշխարհ է, որն իր պատմությամբ, կրոնով, մշակույթով ոչ մի առնչություն չունի իսլամական միջավայրի հետ։